Վարչապետ Նիկոլ Փաշինյանին տրված վերջնաժամկետն ավարտվեց, Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Ընդդիմադիրները հայտարարում են, որ սկսում են խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ իրականցնել։
«Ինչպես տեսնում եք Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել։ Հետևաբար այս պահից սկսած, մինչև 17։00-ն ՀՀ քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ և գործողություններ անելու, իրենց բողոքն, իրենց պահանջը տեղ հասցնելու համար», - տեսաուղերձի միջոցով հայտարարեց ընդդիմադիր 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության ճակատ» միավորման անդամ, Հայ հեղափոխական դաշնակացության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ արեց քաղաքացիներին բողոքի գործողություններն իրականացնել օրենքի սահմաններում, չտրվել սադրանքների։
«Դիմում եմ իրավապահ համակարգին՝ ապահովել ՀՀ քաղաքացիների ազատ երթեր, ցույցեր, բողոքներ անելու իրավունքը և երբեք չտրվել ու չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգները և ուժ չկիրառել մեր ժողովրդի նկատմամբ», - հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը։